Tuesday, December 10, 2013

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
 ՄԱԿ-ի հռչակագիրն ասում է, որ բոլոր մարդիկ ծնվել են ազատ և հավասար՝ արժանապատվության և իրավունքների առումով` անկախ սեռից, ռասայից, ազգային և կրոնական պատկանելիությունից:
Մարդն ունի իրավունք, իսկ այդ իրավունքը պետք է պաշտպանված լինի: Հակառակ դեպքում այդ իրավունքը կոտնահարվի ու կսահմանափակվի այլ մարդկանց կողմից:
Կարծում եմ՝ մարդու իրավունքներն էլ անսահամանփակ չեն: Այս առումով այդ իրավունքների պաշտպանությունը չի նշանակում ամենաթողություն: Մարդու իրավունքների հումանիստական մոտեցումը տանում է դեպի ամենաթողության, այլանդակություն, այս առումով, մենք կարիք ունենք նայել, թե ինչ իրավունքներով է մարդուն օժտել այդ մարդուն արարող Աստված: 
Մարդու՝ Արարչի կողմից շնորհված մեծագույն իրավունքներից մեկն ազատ ընտրության իրավունքն էր, որն արտահայտվեց եդեմական պարտեզում կատարած Ադամի ընտրությամբ: Լինելով Ամենակարող՝ Նա անգամ չմիջամտեց մարդու ազատ ընտրությանը, թեպետ և այն աղետալի հետևանք ունեցավ: 
Արարիչը մարդուն շնորհեց նաև խոսքի և խղճի ազատություն: Այս դեպքում մարդը պիտի կամովի ընտրեր, թե ում պաշտեր, երկրպագեր և ծառայեր: Լինելով Ամենակարող՝ այստեղ էլ նա չխոչընդոտեց մարդու խղճի ազատությանը, թեպետ շատ անգամներ մարդիկ սխալ ընտրություն արեցին: Պատճառն այն է, որ Նա կամավոր զոհեր և ընծաներ է փափագում, ինչպես ասում է Աստվածաշունչը, Նա գիտակից ընտրությամբ պաշտամունք է սպասում մարդուց:
Ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության մեծագույն հռչակագիրը ոչ թե ՄԱԿ-ի նորահայտ հռչակագիրն է, այլ՝ Աստվածաշունչը: Իսկ մարդու իրավունքների մեծագույն պաշտպանը՝ Տեր Հիսուս Քրիստոսը:
Ուրեմն, հիշելով այս կարևոր օրը՝ կցանկանայի նաև հիշեցնել այն մասին, թե ինչ է ասում Աստվածաշունչը մարդու իրավունքների պաշտպանության մասին.
<<Քո բերանը բա՛ց արա համրի համար, բոլոր նրանց դատի համար, որ կորստյան են սահմանված: Բա՛ց քո բերանը և արդարությամբ դատիր ու տե՛ս աղքատի ու կարիքավորի դատաստանը>>: Առակաց 31:8-9
<<Այսուհետև ո՛չ հրեա կա և ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա և ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա և ո՛չ էլ էգ, որովհետև բոլորդ էլ մեկ եք Քրիստոս Հիսուսի մեջ>>: Գաղ. 3:28
<<Սովորեցե՛ք բարություն անել, որոնեցե՛ք իրավունքը, փրկեցե՛ք զրկվածներին, որբի դա՛տը տեսեք, որբևայրու իրավունքը պաշտպանեցե՛ք>>: Եսայա 1:17
Ուրեմն, հարգե՛նք կյանքի, երջանկության, սոցիալական հավասարության, խոսքի և խղճի ազատության իրավունքները: Այն սկսվում է դիմացինին և մերձավորին հարգելուց, գնաատելուց և նրան լսելուց: Այդ ժամանակ աշխարհը մի քիչ այլ կլինի, իսկ եթե ոչ, ապա քո աշխարհը, քո միջավայրը, քո ընտանիքը հաստատ այլ կլինի: