Monday, March 12, 2012

Հովվական խրատանի եկեղեցու հայրերից


ՀՈՎԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սբ. Հակոբ Մծբնա Հայրապետ

 

Սբ. Հակոբ Մծբնեցի
     Հովիվները հոտի գլուխն են և իրենց խաշներին կերակրում են կենաց կերակուրով։ Ով տքնում ու չարչարվում է, հոգ տանում իր արոտի ոչխարների համար, նա աշակերտն է մեր Բարի Հովվի, Որն Իր Անձը տվեց Իր խաշների համար։ Իսկ ով չի հոգում իր հոտի համար, վարձկանի նման է։ Ո՛վ հովիվներ, նմանվո՛ղ եղեք առաջին արդար հովիվներին։ Հակոբը հովվեց Լաբանի խաշներին, չարչարվեց, տքնեց, պահեց և ստացավ։ Նա ասաց Լաբանին. «Ահա քսան տարի է ծառայում եմ քեզ. և իմ գալուց հետո ոչխարների թիվն անչափ աճել է։ Ցերեկն արևակեզ էի լինում, իսկ գիշերը փայտանում էի ցրտից, քունը կտրվեց աչքերիցս [նրանց պահպանելու համար]»։ Հովիվնե՛ր, տեսե՛ք այս հովվին, որքա՜ն էր հոգում իր արոտի խաշների համար. գիշերն արթուն էր՝ պահպանելու, իսկ ցերեկը տքնում ու չարչարվում էր՝ արածեցնելու համար։ Հովիվ էր Հակոբը, հովիվ էր Հովսեփը, հովիվ էին նրանց եղբայրները, հովիվ էր Մովսեսը, նաև Ամովսն էր հովիվ։ Այս բոլոր հովիվները հովվեցին իրենց ոչխարներին և բարվոք առաջնորդեցին։
     Սիրելի՛, իսկ ինչո՞ւ այս հովիվները նախ ոչխարներին հովվեցին, ապա ընտրվեցին՝ հովվելու մարդկանց։ Որպեսզի սովորեն՝ ինչպե՛ս պետք է հովվել հոտին, ինչպե՛ս պետք է տքնել և չարչարվել նրա համար։ Եվ երբ սովորում էին հովվություն, ընտրվում էին՝ առաջնորդ լինելու։ Հովվեց Հակոբը Լաբանի խաշներին, չարչարվեց ու տքնեց, բարվոք առաջնորդեց, իսկ հետո առաջնորդեց իր որդիներին և նրանց սովորեցրեց հովվություն։ Նաև Հովսեփն էր իր եղբայրների հետ ոչխարներ արածեցնում և եգիպտացիների երկրում զորքի առաջնորդ եղավ ու առաջնորդեց նրան, ինչպես լավ հովիվը՝ իր հոտին։ Մովսեսը նույնպես հովվեց Հոթորի ոչխարներին և ընտրվեց՝ հովվելու իր ժողովրդին, և իբրև քաջ հովիվ՝ առաջնորդեց նրան։ Նա բարձրացնում էր իր ցուպն իր ուսերի վրա ու գնում էր իր ժողովրդի առջևից։ Նա հովվեց քառասուն տարի, և իբրև քաջ ու հոգածու հովիվ՝ տանջվեց ու չարչարվեց իր խաշների համար։ Իսկ երբ Տերը նրանց մեղքերի համար կամեցավ բնաջնջել նրանց (քանզի երկրպագեցին հորթին), Մովսեսն աղոթում էր, Տիրոջը խնդրում. «Թողությո՛ւն շնորհիր այս ժողովրդի մեղքերին, հակառակ դեպքում ի՛նձ ջնջիր կենաց գրքից, ուր գրեցիր»։ Սա՛ է քաջ հովիվը, որն իր անձը մատնեց իր ոչխարների համար։ Սա՛ է առաքինի առաջնորդը, որն իր անձը դրեց իր ոչխարների համար։ Եվ սա՛ է գթացող հայրը, որ գթաց իր որդիներին և սնեց նրանց։ Եվ իմաստուն վարդապետ Մովսեսը սովորեցրեց իր աշակերտին՝ Նավեի որդի Հեսուին՝ հոգիների այրին, որն առաջնորդեց Իսրայելի որդիների ամբողջ բանակին։ Կոտորեց թագավորներին, հնազանդեցրեց երկիրը և նրանց արոտի տեղ տվեց, իր խաշներին մակաղելու տեղեր բաշխեց։ Դավիթն էլ հովվեց իր հոտի ոչխարներին և ապա բարձրացավ՝ հովվելու իր ժողովրդին. հովվեց նրանց իր սրտի պարզությամբ ու իր ձեռքերի իմաստությամբ առաջնորդեց նրանց։ Իսկ երբ նա սկսեց հաշվել իր հոտի խաշներին, նրանք սրտմտեցին, բարկացան և սկսեցին կոտորվել։ Այնժամ Դավիթն իր անձը մատնեց իր խաշների համար, աղոթեց և ասաց. «Տե՛ր Աստված, ես մեղանչեցի, քանի որ հաշվեցի իմ ժողովրդին։ Թող Քո ձեռքն իմ, իմ հոր տան և այս անմեղ ոչխարների վրա լինի»։ Բոլոր քաջ հովիվներն այսպե՛ս էին դնում իրենց անձերն իրենց ոչխարների համար։
    Իսկ այն հովիվները, ովքեր չէին հոգում իրենց խաշների համար, վարձկաններ էին. քանզի միայն իրենց անձերն էին արածեցնում։ Այս պատճառով է մարգարեն ասում. «Ո՛վ հովիվներ, որ ցրում և կորստյան եք մատնում իմ արոտի խաշներին, լսեցե՛ք Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը. «Ահա պիտի հաշվեմ իմ խաշներին, ինչպես որ հովիվն է հաշվում նրանց մառախլապատ օրերին, և հաշիվ պիտի պահանջեմ ձեզնից։ Ո՛վ անմիտ հովիվներ, որ խմում եք կաթը, բուրդը հագնում և մորթում պարարտներին, բայց իմ հոտերը չեք արածեցնում, հիվանդացածին չեք բժշկում, տկարացածին չեք զորացնում, չարչարվածին չեք փայփայում, վիրավորվածին չեք փափաթում, մոլորվածին ետ չեք դարձնում, կորածին չեք փնտրում, իսկ դիմացկունին էլ՝ բռնությամբ ու խաբեությամբ տանջում։ Լավ ու փափուկ արոտներում նախ դուք էիք ուտում, մնացածը ոտնակոխ էիք անում, մաքուր ու քաղցրահամ ջուրը դուք էիք խմում, իսկ մնացածը ոտքով պղտորում, իսկ իմ հոտերը ձեր ոտնակոխ արածն էին ուտում և ձեր պղտորած սմբակահամ ջրերն էին խմում։ Սրանք լիրբ ու վարձկան հովիվներն էին, որովհետև ո՛չ արածեցրին հոտերը, ո՛չ բարվոք առաջնորդեցին և ո՛չ էլ գայլերից ազատեցին նրանց։ Երբ գա մեծ Հովիվը՝ հովիվների Վարդապետը, պիտի հաշվի Իր հոտերը, պիտի բերի այդ հովիվներին ու հաշիվ պահանջի նրանցից և պիտի դատապարտի նրանց՝ իրենց գործերի համար։ Իսկ նրանց, ովքեր բարվոք հովվեցին հոտերին, հովիվների Վարդապետը պիտի ուրախացնի և կյանք ու հանգիստ պիտի տա։ Ո՛վ անպիտան հովիվ, թողեցի իմ խաշներին քո աջ բազուկի, աջ աչքի տակ, և այն բանի փոխարեն, որ դու նրանց մասին ասացիր, թե՝ «Որը մեռնելու է, թող մեռնի, որը սատկելու է, թող սատկի, և որը մնալու է, թող ուտի իր ընկերոջ մարմինը», այդ իսկ պատճառով պիտի կուրացնեմ քո աջ աչքը, պիտի չորացնեմ քո աջ բազուկը, քանի որ այն ճշմարտությամբ չառաջնորդեց և պիտի չորանա։ Իսկ դուք, իմ արոտի ոչխարնե՛ր, մարդիկ եք, Ես ձեր Տեր Աստվածն եմ, այսուհետ պիտի արածեցնեմ ձեզ փափուկ ու գեղեցիկ արոտներում»։ Եվ լավ Հովիվն Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ 
     Դարձյալ ասում է. «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, նրանց ևս պետք է այստեղ բերեմ, որպեսզի լինի մեկ հոտ և մեկ Հովիվ։ Իմ Հայրն ինձ այն բանի համար է սիրում, որ ես իմ անձն եմ դնում իմ ոչխարների համար»։ Դարձյալ ասում է. «Ես եմ ոչխարների դուռը, ով իմ միջով մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի» [Հովհ. Ժ 9]։ Ո՛վ հովիվներ, նմանվեցե՛ք այս լավ Հովվին, որ ամբողջ հոտի գլուխն է. որքա՜ն ջանք թափեց Նա Իր հոտերի համար։ Մոտեցրեց հեռավորներին, ետ դարձրեց մոլորվածներին, բժշկեց հիվանդացածներին, զորացրեց տկարացածներին, փաթաթեց վիրավորվածներին և պահպանեց պարարտներին, Իր անձը մատնեց Իր խաշների փոխարեն։ Եվ ընտրեց ու ուսուցանեց առաքինի աշակերտների, նրանց ձեռքն ավանդեց ամբողջ հոտը և ասաց Շմավոն վեմին. «Արածեցրո՛ւ իմ գառներին» և՝ «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Եվ արածեցրեց Շմավոնն ու ավարտեց իր ժամանակը. ձե՛զ ավանդեց այդ հոտերը և գնաց։ Արածեցրեք նաև դո՛ւք և բարվո՛ք առաջնորդեցեք։ Հովիվը, որը հոգ է տանում իր ոչխարների մասին, ուրիշ գործ չի անում. ո՛չ այգի է տնկում, ո՛չ` բուրաստաններ ու ո՛չ էլ դժվարությունների մեջ ընկնում։ Երբևէ չի տեսնվել, որ հովիվը թողնի ոչխարներին և մաճկալ դառնա։ Եթե թողնի իր հոտերը, նրանք գայլերի ձեռքը կընկնեն։ Հիշի՛ր, սիրելի՛, մեր առաջին հայրերի մասին ասածներս, որոնք նախ հովվություն էին սովորում, այդտեղից էլ ձեռք էին բերում հոգաբարձության փորձ, և ապա ընտրվում էին՝ առաջնորդ լինելու, որպեսզի սովորեն և իմանան, որ ինչպես հոգում էին իրենց հոտի մասին և առաջնորդում նրան, այնպես էլ պետք է այժմ առաջնորդ լինեն։ Հովսեփը, Մովսեսը, Դավիթը հովվությունից ընտրվեցին՝ ժողովրդի առաջնորդ լինելու, և այլևս չվերադարձան դեպի ոչխարները։ Ամովսին Տերը վերցրեց ոչխարների միջից և նրան մարգարե դարձրեց, և նա այլևս չվերադարձավ՝ ոչխարներ արածեցնելու և թութ քաղելու։ Եվ Եղիսեին վերցրեց եզների միջից, որպեսզի մարգարե լինի Իսրայելի մեջ, և նա այլևս չվերադարձավ իր եզների մոտ, այլ ծառայեց Եղիային և նրա տեղը բռնեց։ Եվ որովհետև նրա աշակերտը սիրեց ագարակներ, առևտուր, ձիթենիներ ու գործեր, նա չկամեցավ, որ իրեն աշակերտի և հոտերը չհանձնեց նրա ձեռքը։
    Աղաչո՜ւմ եմ ձեզ, հովիվնե՛ր, հոտի վրա անմիտ, տգետ, ագահ ու հարստություն սիրող աշակերտներ մի՛ կարգեք։ Ամեն ոք, որ ոչխարներ է արածեցնում, խմում է նրանց կաթից, ով եզներ է վարում, նրանց վաստակից հոգում է իր կարիքները։ Եվ քահանաները պետք է բաժանեն այն սեղանից։ Ով խմում է այն կաթից, նրա սիրտը այդ հոտի հետ կլինի, ով իր կարիքները հոգում է իր եզների վաստակով, սիրով կանի իր գործը։ Նաև քահանաները զգուշությամբ թող ծառայեն սեղանին։ Ղևտացիները, որոնք ստանում էին իրենց տասանորդը, Իսրայելի մեջ բաժին չունեին։
    Ո՛վ հովիվներ, մեր մեծ Հովվի աշակերտնե՛ր, աղաչո՜ւմ եմ ձեզ, վարձկանների մի՛ նմանվեք, քանզի վարձկանի համար ի՞նչ փույթ իր հոտը։ Նմանվո՛ղ եղեք մեր Հովվին, Որ առավել խաշներին սիրեց, քան Իր անձը։ Սիրեցե՛ք երիտասարդներին, բարձրացրե՛ք կույսերին, գգվեցե՛ք գառներին. նրանք թող ձեր ծոցում սնվեն։ Որպեսզի երբ հովիվների Վարդապետի մոտ գնաք, ձեր խաշներին կատարյա՛լ մատուցեք նրան, և Նա ձեզ կտա, ինչ որ խոստացավ, թե՝ «Ուր որ ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի»։ Այս սակավը բավական է խաշներին ու հովիվներին։ Վերևում գրեցի, հիշեցրի ձեզ ընթացքը, որ վայելում է հոտին, և այս խոսքերը գրեցի քեզ հովիվների՝ հոտերի առաջնորդների մասին։ Գրեցի քեզ, սիրելի՛, ինչ որ քո նամակում հարցնում էիր ինձ։
    Հազարապետն ինձ տարավ արքունական գանձարան և այնտեղ ինձ ցույց տվեց բազում երանություններ. ով վերցնում է այնտեղից, հարստանում է և հարստացնում։ Այն բաց է բոլորի առջև, ովքեր փնտրում են այն։ Շատերն են վերցնում այնտեղից, և ոչինչ չի պակասում։ Իսկ երբ տալիս են իրենց վերցրածից, իրենցն ավելի ու ավելի է շատանում։ Ովքեր վերցնում են, թող ձրի տան, ինչպես առել են այն։ Այն փողով չի վաճառվում, քանզի ոչինչ չկա, որ արժենա նրան։ Ո՛չ գանձն է պակասում, ո՛չ էլ առնողներն են հագենում։ Ըմպում են և ծարավ են, ուտում են ու քաղցած են։ Ով չի ծարավում, չի կարող ըմպել, ով չի քաղցում, չի կարող ուտել։ Նրա քաղցը շատերին է հագեցնում, նրա ծարավը աղբյուրների վտակներ է առաջացնում։ Նման է մարդու, որ մոտենում է աստվածպաշտության, ծարավ մարդու, որ մոտենում է աղբյուրներին, խմում է և հագենում, ու այն աղբյուրից ջուրը չի պակասում, նման է հողի, որ թեև ջրվում է, սակայն դարձյալ կարոտ է ջրվելու։ Այսպիսին է Աստծո գիտությունը. որքան մարդ էլ վերցնի նրանից, չի պակասում և ոչ էլ բովանդակվում է մարմնավորներից։ Ո՛չ առնողն է ձեռնհաս լինում առնելու, և ո՛չ էլ, երբ տալիս է, պակասում է որևէ բան։ Երբ ճրագ վառես, դու նրանով բազում ճրագներ կարող ես վառել. ո՛չ կրակը կվերջանա, ու ո՛չ էլ ճրագը կթուլանա։ Ո՛չ մարդը կարող է առնել արքունական բոլոր գանձերը, և ո՛չ էլ ծարավը, աղբյուրից խմելով, կպակասեցնի նրա ջուրը։ Եվ ոչ էլ, երբ մարդ կանգնի բարձր լերան վրա, նրա աչքը հասու կլինի մերձավորին ու հեռավորին, կամ երբ հաշվի երկնքի աստղերը, կարող է բովանդակել երկնային զորությունները։ Եվ ոչ էլ երբ մոտենա աստվածպաշտության, ամեն բան կարող է ստանալ։ Թեև հույժ շատ էլ ստանա, չի երևա, թե պակասել է։ Եվ ոչ էլ երբ տա, ինչ որ առել է, կսպառվի այն և կվերջանա։ Հիշի՛ր, սիրելի՛, որ հավատի առաջին խոսքում գրել էի քեզ, թե ով ձրի է ստանում, ձրի՛ էլ պետք է տա ստացածը, ինչպես մեր Տերն ասաց. «Ձրի առաք, ձրի՛ տվեք»։ Ով չտա նրանից, ինչ ստացել է, կվերցվի նրանից։ Ուստի և, սիրելի՛, այս ժամանակում որքան կարողացա վերցնել այն գանձից, որ չի վերջանում, բերեցի քեզ։ Քեզ բերեցի ինձ մոտ եղած ամբողջ գանձը, որ չի վերջանում, քանզի այն Աստծո իմաստությունն է, իսկ հազարապետը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ինչպես Ինքն իսկ վկայեց, թե՝ «Ամեն բան տրված է ինձ իմ Հորից»։ Եվ որովհետև Ինքն է իմաստության հազարապետը, Նա Ինքն է իմաստությունը, ինչպես առաքյալն ասաց. «Քրիստոսն է Աստծո զորությունն ու իմաստությունը»։ Հենց այս իմաստությունը բաշխվեց շատերին, և նրանից ոչինչ չպակասեց, ինչպես վերևում ասացի քեզ. քանզի Քրիստոսի Հոգուց ստացան բոլորը, և Քրիստոս չպակասեց։
    Ես քեզ տասը ճառեր գրեցի, և ինչ որ հարցրիր, պատասխանեցի քեզ։ Ինչ որ խնդրեցիր ինձնից, տվեցի քեզ։ Թևակոխի՛ր դու դրանց մեջ ամեն ժամ, չարչարվի՛ր և Սուրբ Գիրք ընթերցիր, որ ընթերցվում է Աստծո տանը՝ եկեղեցում։ Այս ամենը, որ գրեցի քեզ, ընթերցի՛ր և սովորի՛ր, թող ընթերցեն նաև մեր ուխտակից և հավատակից եղբայրները, որ հեռու լինի նրանցից խեղկատակությունը։ Հիշի՛ր, ինչ որ գրեցի քեզ։ Այս լսեցե՛ք ինձնից առանց հակառակվելու, մեր երիտասարդ եղբայրներին նույնպես խելամուտ դարձրեք դրանց։ Եվ ինչ որ լսում ես, ընդունի՛ր դու։ Ես, իբրև քարերը կռող, քարեր բերեցի շինության համար, իսկ իմաստուն ճարտարապետները թող քանդակեն և դնեն շինվածքի մեջ։ Տիրոջից վարձք կստանան։ [Նրան փառք հավիտյանս. ամեն։]

Friday, March 2, 2012

Ուրախության արձակումը. մտքեր Դերեկ Պրինսից

«Այն ժամանակ կգնամ Աստծո զոհասեղանի մոտ` իմ ուրախության ու ցնծության Աստծո առջև»:
Սաղմոս 43:4
Դավիթն ուրախության վերաբերյալ երկու բան էր սովորել: Առաջին, ուրախության միայն մեկ աղբյուր կա. դա անձամբ Աստված է: Երկրորդ, կա միայն մեկ վայր, որտեղ կարող ենք մոտենալ այդ աղբյուրին. դա զոհասեղանն է: Զոհասեղանը զոհաբերության վայր է, նվիրման և սրբագործման վայր, մի վայր, որտեղ մեր կյանքն է դրված: Զոհասեղանի վրա կատարած մեր զոհաբերության միջոցով է միայն, որ Աստծուց բխող ուրախությունը արձակվում է մեր մեջ:Մեծ տարբերություն կա ուրախության և երջանկության միջև: Ուրախությունը հոգու իրականության մեջ է, իսկ երջանկությունը` շնչի: Երջանկությունը կապված է մեր զգացմունքների, զգացումների և պարագաների հետ: Երբ ամեն բան լավ է ընթանում, մենք երջանիկ ենք: Երբ ամեն բան վատ է ընթանում, դժբախտ ենք: Լավ է երջանկություն ունենալը, սակայն չենք կարող միշտ երջանիկ լինել: Ուրախությունը, մեկ այլ կողմից, կախված չէ զգացմունքներից և պայմաններից: Այն կախված չէ մեր ֆիզիկական վիճակից: Այն մեր հոգու մեջ է: Ուրախության միայն մեկ աղբյուր կա և դա միմիայն Աստված է: Աստված հավիտենական է, անփոփոխ: Ահա թե ինչու հնարավոր է ուրախություն ունենալ անգամ այն ժամանակ, երբ մենք չենք կարող մեզ երջանիկ կամ բավարարված զգալ: Ուրախությունն անձամբ Աստծուց է բխում: Ուրախությունն էլ Աստծո պես հավիտենական է, անփոփոխ և չի ենթարկվում իրավիճակներին կամ պայմաններին:Ուրախությունը, սակայն, արձակվում է միայն զոհասեղանի մոտ: Մենք կարիք ունենք որոշել, ինչպես Դավիթը որոշեց, որ մենք կմոտենանք Աստծուն, զոհասեղանին` զոհաբերության վայրին, նվիրաբերման և սրբագործման մի վայր, մի վայր, որտեղ մենք անմնացորդ նվիրաբերում ենք Աստծուն: Այդուհետև մենք կարող ենք ամեն ժամանակ և անփոփախ ուրախություն ունենալ:

 Հավատքի արձագանքը
Քո զոհասեղանի վրա, Տե՛ր, ես անվերապահորեն դնում եմ իմ կյանքը: Իմ մեջ արձակիր այն ուրախությունը, որը միայն Քեզանից է գալիս:

Tuesday, February 14, 2012

Ջրհեղեղի վրա նստողը (Լուսավոր մտքեր` Դերեկ Պրինսից)


«Տերը ջրհեղեղի վրա է նստում. Տերը հավիտյան թագավորելու է: Տերը Իր ժողովրդին զորություն է տալու, Տերն Իր ժողովրդին խաղաղությամբ է օրհնելու»:
                                                                                                                                                                    Սաղմոս 29:10-11
                                                                  
     Ջրհեղեղի վրա նստողը
 Դավիթն այս հատվածում ներկայացնում է Տիրոջը որպես հզոր թագավոր, որը նստած է Իր գահի վրա: Մենք տեսնում ենք Նրան` գահակալած անհանգիստ, մոլեգին ջրհեղեղի վրա: Սա խոսում է այն սարսափելի ուժերի մասին, որոնք արձակվում են ամենուրեք մեր շուրջ, որոնք սպառնում են հենց մեր կյանքին և որոնց մենք չենք կարող վերահսկել: Այս անհանգիստ ջրերը խորհրդանշում են նաև աշխարհի փոթորկոտ և ըմբոստ ազգերը, որոնք գտնվում են չար հոգևոր ուժերի տիրապետության ներքո: Պատմոսում տեսած իր տեսիլքի մեջ Հովհաննեսը նկարագրում է մի պոռնիկի, որը նստած է շատ ջրերի վրա, և նրան ասվեց. «Այդ ջրերը, որ տեսար, ուր որ պոռնիկը նստած է, ժողովուրդներ են, բազմություններ, ազգեր ու լեզուներ» (Հայտնություն 17:15): Սրանք նույնպես թշնամական են մեր` Աստծո ժողովրի հանդեպ: Նայելով փոթորկոտ և թշնամական ուժերի այս պատկերին` Դավիթը հիշեցնում է մեզ, որ կա մի Թագավոր, որը տիրում է այս բոլորի վրա: Դա Տե՛րն է: Նա սպասում է, որ մենք գիտակցենք Իր թագավորումը, և տանք Նրան արժանի փառքն ու պատիվը: Երբ մենք այսպես ենք վարվում, Նա էլ Իր հերթին երկու ձևով է արձագանքում մեզ. տալիս է մեզ Իր զորությունը և օրհնում է մեզ Իր խաղաղությամբ: Այն զորությունը, որը մեզ կպահի այս բոլոր թշնամական ուժերի մեջ, միայն Տիրոջից է գալիս: Մեր սեփական զորությունը կձախողի մեզ, բայց «Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով» (Եսայա 40:31): Տերն օրհնում է Իր ժողովրդին խաղաղությամբ անգամ ամենամեծ ճնշումների մեջ: Խաղաղություն, որը կախում չունի արտաքին հանգամանքներից: Այն բխում է միայն այն գիտակցումից, որ Տերը նստած է ջրհեղեղի վրա:

Հավատքի արձագանքը
 Տե՛ր, ես իմ հայացքը ջրհեղեղից ուղղում եմ դեպի Քեզ, դեպի Քո բարձր գահը, և ընդունում եմ քեզանից այն զորությունն ու խաղաղությունը, որի կարիքը ես ունեմ:

Monday, February 13, 2012

<Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված>:
1-ին Կորնթացիներ 4:9
Նեղությունները փորձում են ճնշում գործադրել մեզ վրա: Երբ մի նեղ ու փոքր բան ես հագնում, այն ճնշում է քեզ: Որքան ճնշոող բաներ կան մեր կյանքում, սակայն մի բան պարզ է, որ առանց ճնշման չկա կյանք: Եթե մեր մարմնի և անոթների մեջ դադարի ճնշումը, ապա մենք կմահանանք:
Ճնշումների մեջ երեք պարզ ճշմարտություն կա, որ պետք է հասկանանք:
1. Դու անպայման նեղություններ կունենաս:
Հովհ. 16:33,Հովհ. 14:1
Նեղ է այն ճանապարհը, որ տանում է հավիտենական կյանք: Երբ մեր անոթները նեղանում են, մեր ճնշումը բարձրանում է: Սակայն նեղ ճանապարհը, ի տարբերություն լայն, մի կարևոր առավելություն ունի: Այն անվտանգ է ու ապահով: Լայն ու հարթ ճանապարհներին դու սովորաբար չես զգում արագությունը և երբեմն այդ պատճառով վթարներ են լինում: Երբեմն այդ հարթ ճանապարհները քեզ անհոգացնում են և դու չես զգում, որ գերազանցել ես արագությունը և գնում ես դեպի կորուստ: Նեղ ճանապարհներին զգացվում է ամեն մի շրջադարձը և ստիպում է, որ դու զգուշավոր լինես:Նմանապես էլ նեղությունները երբեմն մեզ սթափեցնում են մեր ինքնամոռաց և խելակորույս սլացքից, ստիպում են, որ ավելի զգույշ լինես կյանքի շրջադարձներին:
2. Աստված անպայման կարող է ազատել քեզ նեղություններից:
Սաղմոս 91:3, 34:19
3. Նեղություններից դու ավելի լավ վիճակում դուրս կգաս, քան մինչ դրա մեջ մտնելդ:
Հոբ 42:1012 Ծննդոց 50:20
Ճնշումն օգնում է, որ քո մեջ բացահայտվի այն, ինչ կար: Հիսուսը Գեթսեմանի պարտեզում ենթարկվեց սարսափելի ճնշման: Գեթսեմանի թարգմանվում է Ձիթապտղի ճզման վայր: Եթե ճզմենք ձիթապտուղը, ինչ դուրս կգա նրանից: Հիսուսը բարձ ճնշման ենթարկվեց Գեթսեմանի պաչտեզում: Նա իսկապես ճզմվեց և նրանից անուշահոտ յուղ դուրս եկավ, որ բժշկություն է մեր վերքերին: Քրիստոնյայից պետք է բարեխոսություն բխի այն ժամանակ, երբ չարախոսությամբ ճնշում են նրան: Աստված մեզ ճնշվողից դարձնում է ճնշող:

Ազգի թշնամի են այն կարճամիտ ազգասերները, որ առաքելական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում


Ազգի թշնամի են այն կարճամիտ ազգասերները, որ առաքելական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում

Հայությունը սեղմռտել ու մտցնել մի նեղ տուփի մեջ` վրան գրված առաքելական, իսկ ով չտեղավորվեց մեջը, դուրս շպրտել անունը դնելով քայքայիչ:
Հայությանը տուփի մեջ տեղավորելու աշխատանքները աշխուժացան մանավանդ ձախողված վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակաշրջանում, երբ տնտեսության փլուզումը աներևույթ դարձնելու համար նա առաքելական կրոնականության պրոպագանդային զարկ տվեց: Աջուձախ հայտնվել են ինչ-որ դեմքեր` բլոգեր ու «քայքայիչ» հկ-ներ, որոնք կյանքում կարող են աչքի ընկնել միայն այլադավան հայրենակիցների դեմ հերյուրանքներ տարածելով: Նրանք եթերը գրկած տերտերների հետ միասին վախացնում են, որ հանկարծ մարդ այլ ձև չմտածի ու ստիպում, որ բոլոր հայերը ականջները կախ սև շրջազգեստով մորուքավորների «պատգամները» կատարեն:
Եվ 19-րդ դարում սկսված վեճը, որ ազգը կրոնով չի որոշվում, մանավանդ 21-րդ դարում, երբ արևմուտքում եեկեղեցիներ են փակվում, պիտի վաղուց ավարտված լիներ, բայց անհեթեթորեն էլի արդիական է դառնում:
Որ հայությունը  միայն մի եկեղեցու մեջ խցկելը ազգը աղանդի է վերածում, ես չեմ ասում, հայոց նոր պատմության հայրերից մեկն է ասում` Րաֆֆին:
Ամբողջությամբ ներկայացնում եմ Րաֆֆու 1880 թվին «Մշակում» հրապարակած «Մինչև ե՞րբ» գրությունը, որ պատասխանն է այն ժամանակվա քայաքայիչներին ու հայության մի եկեղեցու սահմանների մեջ խցկողներին, որոնց նա անվանում է «պիղծ, վնասակար».

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ
Ժամանակը և ժամանակի պահանջները հարուցում են ժողովրդի գործիչների մեջ նոր մտածություններ, նոր գաղափարներ, որոնք առաջ են գալիս իրերի անհրաժեշտությունից և, ավելի ճիշտ ասած, ներկայի ծնունդ են: Նոր մտածությունները, նոր գաղափարները կարող են խորթ, օտարոտի և մինչև անգամ վնասակար երևնալ այն անձանց, որոնք ժամանակի պահանջներին չեն հետևում, որոնք անշարժ մնում են հին նախապաշարմունքների վրա:
Ազգայնականության գաղափարը վաղուց անծանոթ էր մեզ` հայերիս, դեռ ներկա դարուս երկրորդ կիսաբաժնի մեջ նա սկսեց արծարծվիլ մեր մտածողներու գլխում, բայց այնքան աղոտ և այնքան խառնափնթոր կերպով, որ մի որոշ կերպարանք ստանալ չկարողացավ: Ամենաջերմ և ամենակեղծ ազգասերները շփոթում էին ազգը կրոնի հետ և կրոնը`եկեղեցու հետ: Եվ եկեղեցուց բաժանված անդամների վրա նայում էին որպես հեթանոսների վրա և նրանց այլևս հայ չէին համարում: Հայեր համարվում էին նրանք միայն, որ պատկանում էին լուսավորչական եկեղեցուն: Եվ այսպես ազգությունը և եկեղեցին կազմում էին մի անբաժանելի միություն, որի անջատումը, նրանց կարծիքով, կարող էր պատճառել երկուսի էլ մահացությունը:
Բայց այդ դրությունը երկար չէր կարող պահպանվել. Նա ոչ միայն անբնական էր, այլ հակառակում էր ազգերի առաջադիմության օրենքներին: Անկարելի էր, որ հայ ազգը պատկաներ միայն մեկ եկեղեցուն: Երկրագնդի վրա թե քաղաքակիրթ և թե վայրենի ազգերի մեջ չկա և երբեք չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ: Օտար բազմաթիվ օրինակների վրա ցույց տալու հարկ չկա, այսքանը միայն կասենք, որ հայ ազգը իր հեթանոսական դարերում ուներ զանազան կրոնական աղանդներ, բուն հայկական, զրադաշտական, ասորական, հունական, հրեական և մինչև անգամ չինական,և այդ բոլոր աղանդների խառնափնթորության մեջ ազգությունը դարձյալ չէր կորցնում իր ամբողջությունը, ավելի ուժ և զորություն ուներ:
Քրիստոնեությունը Հայաստանում մտնելուց հետո պետք է բնականաբար միևնույն երևույթները կրկնվեին: Մեր սուրբ Լուսավորիչ հոր հիմնած եկեղեցին չկարողացավ մնալ իր սկզբնական պարզության մեջ: Դեռ երկար ժամանակ հեթանոսական կրոնի հետքերը մնացին Հայաստանում: Այդ բավական չէ, նույնիսկ լուսավորչական եկեղեցին կաթոլիկ և հունական եկեղեցիների ազդեցության ներքո, սկսեց փոքր առ փոքր կերպարանափոխվել, եթե ոչ ներքին դավանաբանական հիմունքների կողմից, գոնե արտաքին ծիսապաշտությունների կողմից:
Մինչև վերջին դարերում հայտնվեցան կազմակերպված կաթոլիկ, բողոքական, հունադավան եկեղեցիներ:
Ի՞նչ պետք էր անել այդ վերջինների հետ: Երկուսից մեկը, կամ պետք էր պարզ ասել(որպես շատերը ասում են), թե մենք հայոց ազգությունը հիմնված ենք համարում միմիայն լուսավորչական եկեղեցու վրա, որովհետև դուք բաժանվեցաք այդ եկեղեցուց և մտաք կաթոլիկ, բողոքական, հունադավան եկեղեցիների գիրկը, ուրեմն դուք այլևս մեզանից չեք(այսինքն` հայ չեք), ըստ որում, մենք լուսավորչական եկեղեցուց դուրս հայություն չենք ճանաչում: Եվ կամ պետք էր ասել, թեև դուք ընդունեցիք այս և այն եկեղեցիները, բայց մենք ձեր կրոնական համոզմունքներին չենք դիպչում, դուք դարձյալ մեր անբաժան եղբայրներն եք և մեր ազգի սիրելի անդամները:
«Մշակը» իր հրատարակության հենց առաջին տարիներից մեր այլադավան եղբայրների նկատմամբ ընդունեց վերջին եղանակը: Այդ իհարկե կվրդովեցներ շատերին, որոնք ավելի բարվոք էին համարում, որ հազարավորները և բյուրավորները մեր ազգից կորչեին, քան թե լուսավորչական եկեղեցու մի աղյուսը իր տեղից խախտվեր:
Բայց հարցը շատ պարզ էր, թեև ոմանք չհասկանալով, և ոմանք չարամտությամբ աշխատում էին և աշխատում են այլապես բացատրել:  Քարոզել այն միտքը, թե մեր կաթոլիկ, բողոքական, հունադավան և մինչև անգամ մահմեդական եղբայրները մեզ նման հայեր են, մեր մսից և արյունիցն են և մեր ազգության են պատկանում, այդ չէ նշանակում ի վնաս լուսավորչական եկեղեցու գործել: Լուսավորչական եկեղեցին մեզ համար նույնքան սուրբ է, որքան սուրբ են մյուս եկեղեցիները իրանց պատկանող անդամների համար: Մենք չենք կարող և մինչև անգամ իրավունք չունենք ասելու նրանց, թե փոխեցեք ձեր կրոնը, կրկին մտեք մեր եկեղեցին, այն ժամանակ միայն մենք եղբայրական ձեռք կմեկնենք ձեզ և կհամբուրվենք ձեզ հետ: Դրանով մենք իրավունք կտանք նրանց նույնը պահանջել մեզնից: Եվ այսպես ազգային միությունը երբեք չի կայանա:
Ո՞վ է հերքում այն փաստը, թե լուսավորչական եկեղեցին պատմական կապ ունի մեր ազգայնության հետ: Ո՞վ է հերքում, որ այդ եկեղեցին շատ դեպքերում ազատել է մեր ազգությունը կորստից և շատ դեպքերում ևս վնասել է նրան: Այսուամենայնիվ, մենք կպաշտենք այդ եկեղեցին, և եթե նա դարերի ընթացքում ստացել է այս և այն խորթ ներմուծությունը, կաշխատենք ինքներս ուղղել, առանց թույլ տալու մի օտարի միջամտությունը: Մենք մեր տունը մեր ձեռքով կնորոգենք, եթե հարկավոր կհամարվի: Բայց միևնույն ժամանակ կպահպանենք կատարյալ ներողամտություն դեպի մեր այլադավան ազգայինները, և առանց վիրավորելու նրանց կրոնական զգացմունքը, կաշխատենք հասկացնել նրանց, մենք միևնույն ազգի զավակներն ենք, որ մեր ընդհանուր շահերը պահանջում են ազգային սերտ միություն, և ամեն ինչ, որ հակառակ է այդ միությանը, պիղծ, վնասակար և աններելի է:
«Մշակը», խոսելով կրոնի մասին, միշտ ազգաային կետից է նայել նրա վրա: «Մշակը» կրոնափոխություն չէ քարոզում. Ով որ այսպես է մտածում, նա կամ կույր է, կամ` խարդախությամբ լի չարամիտ: Եվ եթե «Մշակը» իր էջերը բաց է արել Ամիրխանյանցի, Կիրակոսյանցի և Մարկոսյանցի առջև, այդ չէ նշանակում, թե նա դառնում է գործիք զանազան «որսորդների» ձեռքում, որպես պնդում են ոմանք(ծն. Աբրահամ Ամիրխանյանցը բողոքական քարոզիչ էր, որ թղթակցում էր «Մշակին»): Մի լրագիր, որ իրան նպատակ է դրել հաշտարար լինել ազգի անջատված, թշնամացած և խորթացած անդամների մեջ, նրա պարտքն է լսել և հրատարակել յուրաքանչյուրի խոսքը: «Մշակի» մեջ կարող են գրել որպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ, բողոքական, մահմեդական և հունադավան հայերը, նա ազգային օրգան է և ոչ`եկեղեցական:
Մենք Ամիրխանյանցներին և դրանց նմաններին ազգի թշնամի չենք համարում, մենք ազգի թշնամի ենք համարում այն զզվելի հայերին, որ հայերեն չեն խոսում, որ հայերեն չեն կարդում, որ Հայաստանի վրա չեն մտածում և, միայն տարին մի քանի անգամ հայոց եկեղեցին մտնելով, հայ քահանայի ձեռքից հաղորդություն են ընդունում և դրանով իրանց բոլոր պարտքը կատարած են համարում: Մենք ազգի թշնամի ենք համարում այն կարճամիտ ազգասերներին, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չեն ճանաչում: Ի՞նչ կլիներ այդ վերջինների կարծիքով, եթե հայերի մեծ մասը ժամանակին բողոքական կդառնային, կամ մի ուրիշ կրոն կընդունեին, իսկ ազգի փոքրամասնությունը միայն կմնար հավատարիմ լուսավորչական եկեղեցուն, ուրեմն այդ փոքրամասնությո՞ւնը միայն պիտի կազմեր մեր ազգությունը:
Մեզ ասում են, թե հայը լեզու չունի, թե հայը հայրենիք չունի, թե նրա լեզուն, հայրենիքը և ազգային բոլոր առանձնությունները բովանդակվում են միմիայն եկեղեցու մեջ, խլեցիր նրանից եկեղեցին, փոխեցիր նրա կրոնը, ազգությունը այն ժամանակ կքայքայվի: Մի այսպիսի կարծիք կարող են ունենալ հայ ազգի մասին տգետները միայն, որոնք խիստ նեղ և սահմանափակ հայացքով են նայում ազգային խնդրի վրա:
Եթե իսկապես հայը զրկված է իր ազգային լեզվից, զրկված է իր հայրենիքից, կորցրել է իր ցեղական առանձնահատկությունները և պահպանվում է միմիայն եկեղեցու գրկում, այն ժամանակ նրան ազգ պետք չի համարել, այլ պետք է համարել  մի կրոնական աղանդ, որ մեռած է նույնիսկ եկեղեցու մեջ, որի մեջ ապաստան է գտել: Մի այսպիսի ազգի համար չարժե աշխատել, չարժե մտածել անգամ, որովհետև նա կքայքայվի, կլուծվի և կանհետանա զանազան ազգությունների մեջ, երբ իր պաշտպանության համար ուրիշ հիմք չունի, բացի կրոնը:
Բայց մեր հավատը մեծ է հայ ազգության վրա, մենք հավատում ենք, որ նա ունի հարուստ կլասիկական և կենդանի, նոր գրականական լեզու. Մենք հավատում ենք, որ նա ունի իր պատմական հայրենիքը և տակավին բնակվում է իր հայրերի հողի վրա. Մենք հավատում ենք, որ նա ունի իր որոշ ցեղական հատկությունները, որ դարերի ընթացքում չեն փոխվել, և վերջապես, մենք հավատում ենք, որ նա ունի իր հատուկ ազգային եկեղեցին: Լեզու, հայրենիք, եկեղեցի, ցեղական առանձնահատկություններ, ահա այն գլխավոր հիմունքները, որոնցով հավատացած ենք կպահպանվի մեր ազգությունը: Հարկավոր են և ուրիշ մի քանի պայմաններ, այդ, իհարկե, մեզանից ամեն մեկը հասկանում է, դրանց մասին ոչ կարող ենք և ոչ պետք ենք համարում խոսել:
«Մշակը» «Տարրական մտքեր» վերնագրով առաջնորդող հոդվածների մեջ արդեն բացատրեց այն հարցերը, թե մի ազգի պահպանության համար ինչ դեր են խաղում կրոնը, լեզուն և հայրենիքը, և թե դրանցից յուրաքանչյուրը որքան և ինչ չափով են նպաստում ազգի գոյության պահպանվելուն, երբ զանազան հանգամանքների պատճառով մինը կամ մյուսը փոփոխության են ենթարկվում: Մենք այսքանը բավական համարելով հարկավոր ենք տեսնում կրկին վերադառնալ այն հարցին, թե ի՞նչ շահ ունենք անդադար կրկնելով միևնույն հին երգը, թե լուսավորչական եկեղեցին մեր ազգի միակ հիմքն է, թե այդ եկեղեցուց դուրս ոչ փրկություն կա և ոչ` հայություն, թե բողոքական, կաթոլիկ, հունադավան և մահմեդական հայերը, եթե կամենում են մեզ հետ միանալ, պետք է կրկին վերադառնան դեպի իրենց մայրենի եկեղեցին, և այլ այսպիսի ցնդաբանություններ:
Այսպես կարող են մտածել այն մարդիկ միայն, որոնք չգիտեն մեր ազգի այժմյան վիճակը և տեղյակ չեն նրա ժամանակակից պահանջներին: Եվ ցավալին այն է, որ այսպես երկար ժամանակ մտածում էին մեր ազգի առաջնորդները: Պետք էր մի զորեղ դեպք, մի պատմական շոշափելի անհրաժեշտություն, որ դուրս բերեր մեր ժողովրդի առաջնորդներին հիշյալ մոլորություններից, ցույց տալ, թե որքան անհիմն են նրանք: Բարեբախտաբար այդ դեպքը տեղի ունեցավ: Քրիստոնյաների ազատության անունով ծագեց ռուս-թուրքական պատերազմը, և հայերը կարմիր արյան փոխարեն սև մելանը գործածելով , ստացան Սան-Ստեֆանոյի 16 և Բեռլինի ավագաժողովի 61-րդ հոդվածները: Վերջին հոդվածի տրամաբանության համեմատ, Թուրքիան պարտավորվում էր վերանորոգություններ մտցնել իր պետության «հայերով» բնակեցրած գավառների մեջ: Այստեղից ինքնըստինքյան ծագեց մի հարց. Ովքե՞ր են հայերը:
Մեր հին ազգասերների կարծիքով, հայերը միայն լուսավորչական էին, և Թուրքիան բարվոք համարեց այսպես ընդունել, հաշվեց լուսավորչականների թիվը, այն ևս փոքրացնելով և պատասխանեց Եվրոպային, թե իմ պետության մեջ հայերը այնքան չնչին փոքրամասնություն են կազմում, որ չարժե նրանց համար առանձին վերանորոգություններ անել: Պատասխանը, կրոնական կետից, մասամբ ճիշտ էր, և մեզանից ոչ ոք իրավունք չունի մեղադրել Թուրքիային, երբ նա օգուտ է քաղում իր տգիտությունից, երբ նա կրկնում է միևնույնը, ինչ որ մենք ենք ասում, թե բացի լուսավորչականներից ուրիշ հայ չկա:
«Մշակը» նախատեսում էր այդ բոլորը, նա գիտեր, թե ինչպիսի կորստաբեր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վերանորոգության մասին, երբ մենք կշարունակենք անդադար կրկնել, թե լուսավորչական եկեղեցուց դուրս հայութոյւն չկա: Եվ այդ իսկ պատճառով «Մշակը» բարձրացրեց կրոնի և ազգության խնդիրը:
Բեռլինի ավագաժողովի 61-րդ հոդվածը տվեց հայերին երկու արտոնություն` առաջին, որ Հայաստանում պետք է վերանորոգություններ մտցվեին, երկրոդ, որ հայերը կրոնական համայնքից Եվրոպայի առաջ ճանաչվեցան որպես ազգ:
Ի՞նչ է նշանակում` կրոնական համայնքից ճանաչվեցան որպես ազգ: Այդ նշանակում է`մի ցեղական ամբողջություն, որի մեջ կան և կարող են լինել զանազան կրոններ և եկեղեցիներ:
Այդ կոչմանը արժանի լինելու համար պետք էր ցույց տալ, որ դա իսկապես այդպես է, որ մենք ազգ ենք, և այդ ազգի մեջ կան զանազան եկեղեցիներ` լուսավորչական, բողոքական, կաթոլիկ, հունադավան և ,մահմեդական: Եվ այդ կազմակերպությունից ինքնըստինքյան պետք է առաջ գար կրոնական ներողամտությունը և համոզմունքի ազատությունը, որպեսզի ազգային միության գործը կատարյալ լինի:
«Մշակը» որ շատ առաջ քարոզում էր այդ ցանկալի միությունը, Բեռլինի դաշնագրից հետո ավելի եռանդոտ սկսեց արծարծել նրան, որովհետև այդ միության մեջ էր տեսնում ազգի փրկությունը և Հայաստանի բախտը ու ապագան: Բայց գտնվեցին մարդիկ, որ սկսեցին հակառակը քարոզել  կամ մեր բռնած ընթացքը ծուռ ու սխալ կերպով բացատրել: Մենք այսպիսիների հետ գործ չունենք, մեր գործը մեր ազգի բարեկամների հետ է: Մենք անդադար պիտի մտրակենք այն չարագործներին, թե կաթոլիկ լինեին, թե լուսավորչական, թե բողոքական և թե մահմեդական, որոնք կրոնի պատճառով մեր ազգի միության գործի մեջ երկպառակություն են ձգում: Եվ մենք սիրով կհամբուրենք մեր այն եղբայրներին, առանց դիպչելու նրանց կրոնին, որոնք միայն հայության և Հայաստանի անունով կգործեն և հայ ազգի շահերը կպաշտպանեն:
Մենք մեկ ազգի որդիներ ենք, մենք միևնույն ընտանիքի զավակներն ենք: Կրոնը որ մի ժամանակ բաժանել էր մեզ, այժմ ազգի և հայրենիքի սերը պետք է միացնե: Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել: Մենք հայ էինք երբ հեթանոս էինք, և հայ կմնանք, երբ հազար անգամ կփոխենք մեր կրոնը: Մեր ազգությունը չի կորչի, երբ պահպանված կլինեն այդ բոլոր պայմանները, ինչ որ պետք են, ինչ որ անհրաժեշտ են մի ազգի գոյության համար:
Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հատոր 11, Երևան 1991թ.
Մի դիտարկում: 19-րդ դարում, երբ չկար հայոց պետականություն, Րաֆֆին ընդգծում է լուսավորչական եկեղեցու ազգապահպան դերը: Սակայն նրա գրության տրամաբանությունը, «ժամանակի պահանջներով» առաջնորդվելու նրա մղումը հուշում են, որ այսօր, Րաֆֆին այդ դերը կվերապահեր  Հայաստանի հանրապետությանը, և ոչ եկեղեցուն: Հենց պետությունը նկատի ունենալով է նա գրում, որ ազգության պահպանության համար. «հարկավոր են և ուրիշ մի քանի պայմաններ, այդ, իհարկե, մեզանից ամեն մեկը հասկանում է, դրանց մասին ոչ կարող ենք և ոչ պետք ենք համարում խոսել»:
Վահան Իշխանյան

Thursday, February 2, 2012

Ցանկապատին նստածները



Եկեղեցիներում շատ մարդիկ կան, ովքեր նստած են սահմանագծին, ցանկապատին: Գիտեք, թե ինչ է նշանակում սահմանագծին նստելը. չցանկանալ նվիրվել: Նրանք ոչ այս և ոչ այն կողմում են: Նրանք մի բարի բան չեն անում, սակայն չեն էլ ընդունի, որ որևէ վատ բան են անում: Ես երբեմն սա այսպես եմ մեկնաբանում. երբ Սուրբ Հոգին գալիս է եկեղեցի, առաջին բաներից մեկը, որ Նա անում է, սահմանագծի փշալարերի հոսանքահարումն է: Դու ստիպված ես կա'մ այս, կա'մ այն կողմը ցատկել: Դա է պատճառն այն բանի, որ բազմաթիվ մարդիկ չեն ողջունում Սուրբ Հոգու այցելությունը, քանի որ Նա վերացնում է չեզոքությունը: Սուրբ Հոգու հետ չկա որևէ չեզոքություն:


Դերեկ Պրինս
<Հավիտենական դատաստան> ուսուցումից