Monday, June 13, 2011

Ցեղասպանություն Հայաստանում՝ հայերի ձեռքով

Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բլուրում հավաքվում և սգում ենք մեր միլիոնավոր հայրենակիցների նահատակությունը, մեղադրում ու սպառնում թուրքերին, հոխորտում հաշվեհարդար տեսնել մեր ոխերիմ թշնամու դեմ, այրում Թուրքիաի դրոշը և դրանով երջանկանում՝ մեր պարտքը հայրենիքի ու ազգի հանդեպ կատարած համարելով: Սակայն մոռանում ենք կամ անտեսում, որ ճիշտ մեր քթի տակ, ավելի ճիշտ մոտական հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքներում կատարվում է մեկ այլ ցեղասպանություն՝ մեր եկող սերնդի ջարդը: Այս ցեղասպանությունը չի իրագործվում վայրագ թուրքերի միջոցով, այլ բավականին բարեկիրթ ու բարեհամբույր բժիշկների միջոցով, սպիտակ խալաթներով՝ սև ջարդ: Ու մենք դարձյալ հպարտանում ենք մեր բժիշկների անձնուրաց ծառայությամբ, գիտական կոչումներով՝ անտեսելով այն փաստը, որ շուրջ 30. 000 չծնված երեխա այս տարի նրանց թեթև ձեռքով պիտի հայտնվի աղբամանի մեջ: Դարձյալ հպարտանում ենք այն <պապաներով>, ովքեր վիզ դրած արու զավակ են ուզում լույս աշխարհ բերել՝ մորթել տալով դեռ չծնված, արևի լույսին սպասող աղջիկներին:
Եվ դեռ նորից կգնանք Ծիծեռնակաբերդ, նորից կսպառնանք թշնամուն, կբարձրաձայնենք 1,5 միլիոն զոհերի մասին, սակայն անամոթաբար կլռենք ու կշարունակենք ազգովի կոտորել մեզ, մեր սերունդը: Իսկ մեր երևելի հոգևորականները դարձյալ կշարունակեն լռել, դե ավելի կարևոր բաներ կան խոսելու...
Այնինչ ազգային վիճակագրությունը կշարունակի փաստել՝ մեկ շնչին ընկնող ծնունդների արհեստական ընդհատումների, ավելի ճիշտ՝ արհեստական վիժեցումների կամ աբորտների թվով ԱՌԱՋԻՆՆ ենք տարածաշրջանում: 

Wednesday, June 8, 2011

Լավ աղջիկ Արփի Սուքիասյանի ոդիսականը Սևանում

Ես կարամ չծեծեմ ու նախագահական մտնեմ

Սա այն խոսքերն են, որ ասել է Շանթ հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանը, երբ նրան հարցրել են, թե արդյոք ցանկացած վայր առանց դուռը ծեծելու եք մտնում, ինչին պատասխանել էր. “Ես ցանկացած տեղ մտնում եմ... Ես կարամ չծեծեմ ու նախագահական նստավայր մտնեմ”:

Հիշեցնեմ, որ 2010թ. նոյեմբերի 10-ին Շանթ հեռուստաընկերության լրագրողներ Արփի Սուքիասյանը և Էդուարդ Պետրոսյանը մտել էին Սևան քաղաքի Դեմիրճյան 6/5 հասցեում գտնվող շենք: Սևանի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Վ.Բաղդասարյանը փորձել էր լրագրողներին դուրս հրավիրել շենքից, ինչի արդյունքում նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 164-րդ հոդվածի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Հիշյալ շենքը հանդիսանում է մասնավոր սեփականություն, իսկ լրագրողներն այնտեղ մուտք են գործել առանց թույլտվության: 2011թ. հունիսի 6-ին հիշյալ գործով դատական նիստում ցուցադրվեց ձայնասկավառակ նկարահանված հենց իրենց` լրագրողների կողմից:

Ձայնասկավառակում երևում է, թե ինչպես է լրագրող Ա. Սուքիասյանը դեպքի ականատես կանանցից մեկին դիմում հետևյալ խոսքերով. “Ցանկություններդ, աղջիկ ջան, ուրիշ տեղ կեթաս կդրսևորես, գիտես ցանկություններն ում հետ են դրսևորում, եղավ, իմ հետ ցանկություն չես…, ամեն դեպքում, եթե շեղումներ չունես, ցանկություններդ հակառակ սեռին դրսևորի”:

Մեկ այլ կադրում Վ.Բաղդասարյանը հարցնում է լրագրողին, ոնց դիմեմ Ձեզ, ինչին լրագրողը պատասխանում է. “Ես խի պիտի ներկայանամ”, իսկ հետագայում ավելացնում “Երբ որ դուք կպատասխանեք, ես կպատասխանեմ, իմ անունը ամեն օր եթերից հնչում է”:

Երբ լրագրողներին մի քանի անգամ փորձել են բացատրել, որ իրենք ներս են մտել մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք, նրանք շարունակ պահանջել են ցույց տալ սեփականության իրավունքի գրանցման վկայականը, այդ ընթացքում սակայն, իրենք ցույց չեն տվել իրենց` լրագրողի վկայականը:

Այստեղ ներկայացվեց քրեական գործի միայն մի փոքր հատվածը, զարգացումների մասին հանրությունը դեռ կտեղեկանա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան, Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան` Ռոբերտ Ռևազյան

Monday, June 6, 2011

<Կյանքի Խոսքը> և Աբգար Ափինյանի տագնապը

Ես տագնապի մեջ եմ. Աբգար Ափինյան



Երևանի գրողների միությունը հանդիպումներ է կազմակերպելու Հայաստանում գործող աղանդավորական շարժման ներկայացուցիչների  հետ: Այսօր այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Համաձայն բանախոսի` նրանց շարքերում հայտնվածներից շատերը գուցե չգիտակցված են հայտնվել այնտեղ: Ուստի, ըստ նրա, նրանց հետ զրուցելով, համոզելով  գուցե հետ կկանգնեն այդ ճանապարհից:

Ի դեպ` Աբգար Ափինյանը պաշտոնավարել է նաև  որպես Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետի մամուլի քարտուղար:
«Ես ի պաշտոնե զբաղվել եմ այդ հարցերով»,-հավելեց նա:

Բանախոսը  հայտնեց, որ այդ որոշմանը նպաստել է նաև քաղաքացիների կողմից ստացված աղանդավորների շատացման մասին ահազանգող բազմաթիվ նամակները: Համաձայն նրա` մարդիկ պահանջում են անդրադառնալ հասարակական լայն քննարկումների արժանացած ՀՀ-ում գործող աղանդների հարցին: Աղանդավորների հետ հանդիպումներ կազմակերպելու որոշմանը, ըստ Աբգար Ափինյանի, նպաստել է նաև վերջերս եկեղեցու տարածքում Տեր Եսայի քահանայի վրա աղանդավորների հարձակումը:

Նրա խոսքերով`երկրում  աղանդավորների նման ակտիվացումը պայմանավորված է մեր թուլացմամբ:

«Պայքարող աղանդի դեմ մենք չենք տալիս նրա սահմանումը: Շատ մարդկանց հետ եմ զրուցել, նրանք չգիտեն այդ սահմանումը»,-նկատեց նա:

Նա փաստեց, որ և´ Եհովայի վկաները, և´ մորմոնները համապատասխանում են աղանդի դասական որակավորմանը: Աբգար Ափինյանը հավաստիացրեց, որ  «Կյանքի խոսք» եկեղեցին աղանդավորական չէ :

«Մենք ստացել ենք «Կյանքի խոսք» եկեղեցուց պաշտոնական պարզաբանում, որի համաձայն ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցին ոչ մի դեպքում չի կարելի աղանդ անվանել, քանի որ ավետարանական եկեղեցին ամբողջ աշխարհում ճանաչված է Քրիստոսի ընդհանրական եկեղեցու բաղկացուցիչ մաս»,-պարզաբանումը կարդաց Աբգար Ափինյանը:

Անդրադառնալով օրենսդրությանը` բանախոսը հայտնեց, թե մեր օրենսդրությունը տալիս է աղանդների դեմ պայքարելու հնարավորություն:

«Այլ հարց է, թե մենք ինչքանով ենք օգտվում դրանից: Մեր հասարակության ուժերը կոնսոլիդացնելու ժամանակն է»,-ասաց նա:

Ըստ նրա` խնդիրը  մեկ վայրկյանի ընթացքում չի լուծվելու, այլ` քայլ առ քայլ: «Ես տագնապի մեջ եմ: Մեր ժողովրդի ապագան վտանգված է»,-եզրափակեց նա: