Ես տագնապի մեջ եմ. Աբգար Ափինյան
Երևանի գրողների միությունը հանդիպումներ է կազմակերպելու Հայաստանում գործող աղանդավորական շարժման ներկայացուցիչների հետ: Այսօր այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Համաձայն բանախոսի` նրանց շարքերում հայտնվածներից շատերը գուցե չգիտակցված են հայտնվել այնտեղ: Ուստի, ըստ նրա, նրանց հետ զրուցելով, համոզելով գուցե հետ կկանգնեն այդ ճանապարհից:
Ի դեպ` Աբգար Ափինյանը պաշտոնավարել է նաև որպես Գարեգին Առաջին Վեհափառ Հայրապետի մամուլի քարտուղար:
«Ես ի պաշտոնե զբաղվել եմ այդ հարցերով»,-հավելեց նա:
Բանախոսը հայտնեց, որ այդ որոշմանը նպաստել է նաև քաղաքացիների կողմից ստացված աղանդավորների շատացման մասին ահազանգող բազմաթիվ նամակները: Համաձայն նրա` մարդիկ պահանջում են անդրադառնալ հասարակական լայն քննարկումների արժանացած ՀՀ-ում գործող աղանդների հարցին: Աղանդավորների հետ հանդիպումներ կազմակերպելու որոշմանը, ըստ Աբգար Ափինյանի, նպաստել է նաև վերջերս եկեղեցու տարածքում Տեր Եսայի քահանայի վրա աղանդավորների հարձակումը:
Նրա խոսքերով`երկրում աղանդավորների նման ակտիվացումը պայմանավորված է մեր թուլացմամբ:
«Պայքարող աղանդի դեմ մենք չենք տալիս նրա սահմանումը: Շատ մարդկանց հետ եմ զրուցել, նրանք չգիտեն այդ սահմանումը»,-նկատեց նա:
Նա փաստեց, որ և´ Եհովայի վկաները, և´ մորմոնները համապատասխանում են աղանդի դասական որակավորմանը: Աբգար Ափինյանը հավաստիացրեց, որ «Կյանքի խոսք» եկեղեցին աղանդավորական չէ :
«Մենք ստացել ենք «Կյանքի խոսք» եկեղեցուց պաշտոնական պարզաբանում, որի համաձայն ավետարանական «Կյանքի խոսք» եկեղեցին ոչ մի դեպքում չի կարելի աղանդ անվանել, քանի որ ավետարանական եկեղեցին ամբողջ աշխարհում ճանաչված է Քրիստոսի ընդհանրական եկեղեցու բաղկացուցիչ մաս»,-պարզաբանումը կարդաց Աբգար Ափինյանը:
Անդրադառնալով օրենսդրությանը` բանախոսը հայտնեց, թե մեր օրենսդրությունը տալիս է աղանդների դեմ պայքարելու հնարավորություն:
«Այլ հարց է, թե մենք ինչքանով ենք օգտվում դրանից: Մեր հասարակության ուժերը կոնսոլիդացնելու ժամանակն է»,-ասաց նա:
Ըստ նրա` խնդիրը մեկ վայրկյանի ընթացքում չի լուծվելու, այլ` քայլ առ քայլ: «Ես տագնապի մեջ եմ: Մեր ժողովրդի ապագան վտանգված է»,-եզրափակեց նա:
No comments:
Post a Comment