hraparak.am 23.05.2011 Մարինե Խառատյան
Երբ երկու մոլորված եհովական փորձում են առաքելական եկեղեցու շրջակայքում մոլորեցնել մեկին, Հայ եկեղեցու քահանաները վրա են հասնում, վեճի բռնվում, վռնդում նրանց, «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաալիքները նրանց ազգային դավաճան են որակում, դեպքը դառնում է համազգային աղետ: Բայց երբ նույն Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի քայլերի պատճառով Սփյուռքում կազմաքանդվում ու փակվում է առաքելական եկեղեցի, որեւէ քահանա ձայն-ծպտուն չի հանում, ոչ էլ հեռուստատեսություններն ու մտավորականներն են աղմուկ բարձրացնում:
Մենք բազմիցս գրել ենք Ժնեւի եկեղեցու եւ Էջմիածնի միջեւ ծագած խնդիրների մասին: Օրերս տեղեկացանք, որ ի վերջո Ժնեւում տարիներ ի վեր գործող հայկական եկեղեցին փակվել է: Երեկ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը բողոք-հայտարարությամբ դիմել է իր հավատացյալներին՝ տեղեկացնելով, որ Էջմիածնի հետ ունեցած խնդիրների պատճառով ստիպված է առժամանակ փակել եկեղեցին: «Սիրելի հավատացյալներ, մենք դժվար որոշում կայացրինք երեկ»,- իրենց երեկվա նամակում ասում են խորհրդի անդամները՝ շարունակելով. «Մենք տեղեկացել ենք, որ մեր 16 տարվա քահանայի՝ Տեր Աբելի քահանայագործությունը Գարեգին Բ-ի կողմից կախակայվել է, եւ նա արտոնություն չունի կատարել իր առաքելությունը: Մենք քննարկումներ ունեցանք եւ գտանք, որ ներկայում առավել ճիշտ է փակել եկեղեցին, որովհետեւ այսօրվա իրավիճակը շատ լուրջ է»: Այնուհետեւ խորհրդի անդամները հիշեցնում են, որ կաթողիկոսն իշխանություն չունի՝ ընտրելու եկեղեցու հոգեւոր հովիվ, այլ հովվին ընտրում է անդամական ժողովը, իսկ ընտրված հովիվը Տեր Աբելն է, ոչ թե Էջմիածնից ուղարկված Մեսրոպ սրբազանը: «Հիշեցնում ենք, որ Տեր Աբել Մանուկյանն է այսօր եկեղեցու հովվի պաշտոնում, եւ հայտարարում ենք, որ մեր եկեղեցին մաս չի կազմում որեւէ թեմի: Այս դիրքորոշումները հաստատվել են ձեր՝ հավատացյալների կողմից անդամական ժողովների ժամանակ, որ տեղի ունեցան 2010-ին եւ 2011-ին: Ձեր վստահությունը, քաջալերությունն ու նեցուկը շատ թանկ են մեզ համար, եւ մեր եկեղեցու ու համայնքի ապագան կախված է դրանից»,- իրենց հայտարարությունը եզրափակում են խորհրդի անդամները:
Կաթողիկոսին ուղղված մարտի 25-ի իրենց նամակում Ժնեւի եկեղեցու խորհուրդն «անընդունելի, անթույլատրելի ու անօրինական էր» հայտարարել Էջմիածնի որոշումը՝ հայտարարելով, թե թույլ չի տա ներկայիս հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգեւոր հոտը: Դրանից հետո կաթողիկոսը որոշեց կախակայել Ժնեւի եկեղեցու հովիվ Տեր Աբելի քահանայագործությունը՝ արգելելով նրան հոգեւոր ծիսակատարություններ իրականացնել եկեղեցում:
Ի դեպ, մայիսի 18-ին Էջմիածնի բռնապետական որոշումների ու գործողությունների դեմ բողոք-նամակ են հրապարակել Նիցցայի եկեղեցու խորհրդի անդամները՝ բողոքելով սպառնալիքներով ու ստիպողաբար Էջմիածնից պարտադրվող կանոնադրության դեմ: Այնպես որ, եթե այսպես շարունակվի, Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդումը ոչ հեռու ապագայի հարց է, եւ պատմագրքերում թերեւս կգրվի, որ դրանում մեծ դերակատարում է ունեցել Գարեգին Բ կաթողիկոսը:
No comments:
Post a Comment